Գյումրու քաղաքապետարանի մոտից նախօրեին ձերբակալված քաղաքացիների մեջ նաև անչափահաս կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ձերբակալվածներից 4-ի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Հարությունյանը։

«Իմ վստահորդներից մեկն անչափահաս է։ Ոչ մի գործողություն չի արել, ուղղակի կանգնած է եղել, եկել միանգամից նստացրել են մեքենան ու տարել»,–ասաց փաստաբանը։

Ավելի վաղ NEWS.am–ին քննչական կոմիտեից հայտնել էին, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։