Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը կրկնել է լրագրողի մոր մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի հայտարարությունը, այն բանից հետո, երբ HuffPost-ի լրագրողը հարցրել էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի փողկապի մասին, որը նման էր Ռուսաստանի դրոշին։
Հեգսեթը հոկտեմբերի 17-ի հանդիպմանը ներկայացել էր սպիտակ, կապույտ և կարմիր գույնի լայն գծերով փողկապով։ Այդ նույն գույներն օգտագործվում են ԱՄՆ պետական սիմվոլիկայում, սակայն Հեգսեթի փողկապի վրա գծերը դասավորված էին այն նույն հաջորդականությամբ, ինչ ՌԴ պետական դրոշի վրա։ Ամերիկյան վարչակազմի մյուս ներկայացուցիչները, ներառյալ անձամբ Թրամփը, նախընտրել էին միագույն փողկապներ։
«Քո մայրն է գնել նրան այդ փողկապը, դա հայրենասիրական ամերիկյան փողկապ է, հիմար», - պատասխանել է նա պորտալի լրագրողի՝ փողկապի «ռուսական գույների» մասին հարցին։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Քինգսլի Ուիլսոնը պատասխանելով այն հարցին, որ Հեգսեթը հաճախ է օգտագործում ամերիկյան դրոշի հատվածներ հագուստի տարրերում, ինչը կարող է խախտել ԱՄՆ դրոշի օգտագործման կանոնները, պատասխանել է, որ իր ղեկավարը «հայրենասեր է, որը մեծարում է երկիրը և դրոշը»։
Ավելի վաղ Լիվիթը, ի պատասխան HuffPost-ի լրագրողի հարցին, թե ով է ընտրել Բուդապեշտը որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հավանական վայր, ասել էր՝ «Քո մայրիկը»։





























