«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Արևելքի և Եվրոպայի միջև տարանցիկ ու լոգիստիկ կապերի զարգացման համար։ Այս մասին ադրբեջանական Report լրատվամիջոցին հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույան։

Դիվանագետի խոսքով՝ Լատվիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում առկա դրական տեղաշարժերը և աջակցում է Վաշինգտոնի համաձայնագրի ստորագրմանը։

«Զանգեզուրի միջանցքը հսկայական դեր ունի Արևելքից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ տարանցման և լոգիստիկայի զարգացման գործում։ Սա մեծ ձեռքբերում կլինի։ Մեր ընկերությունները նույնպես դիտարկում են երթուղին Բալթիկ ծովի նավահանգիստների ուղղությամբ ընդլայնելու հնարավորությունը։ Դեռ կոնկրետ նախագծեր չկան, բայց այս նախաձեռնության մասշտաբն ինքնին տպավորիչ է», - ասել է Սկույան։

Դեսպանը հիշեցրել է, որ Լատվիան ներկայումս դիտորդի կարգավիճակ է զբաղեցնում ՏՐԱՍԵԿԱ-ում (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքում)։

«Սա ընդամենը առաջին քայլն է, սակայն մենք արդեն մտածում ենք, թե ինչպես ընդլայնենք մեր համագործակցությունը։ Ցավոք, դեռ չեմ կարող կոնկրետ ծրագրեր նշել, բայց վստահ եմ, որ այս ընդլայնումը օգուտ կբերի ինչպես Լատվիային, այնպես էլ Բալթյան այլ երկրներին», - ընդգծել է դիվանագետը։

Սկույան նաև հայտարարել է, որ Լատվիան աջակցում է բանակցային գործընթացին, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մասնակցությանը և Ադրբեջանին համարում է կայունության գործոն։

«Տնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի զարգացումը հիմք է ստեղծում մյուս հարցերը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար», - հավելել է դեսպանը։