Ըստ LSEG-ի և արդյունաբերական աղբյուրների տվյալների՝ այս ամիս ռուսական «Русснефть» ընկերությունը նավթի իր առաջին բեռը մատակարարել է Վրաստանի նորակառույց Կուլևի նավթավերամշակման գործարան, հայտնել է Reuters-ը:

Ռուսաստանը և Վրաստանը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չեն պահպանել 2008 թվականից ի վեր, երբ նրանք կարճատև պատերազմ մղեցին Մոսկվայի աջակցությունը վայելող Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջանների համար։

Սակայն, ըստ, լրատվամիջոցների հաղորդագրությունների, իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրոք Թբիլիսին ամրապնդել է տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, մինչդեռ արևմտյան երկրների հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել են։

LSEG-ի տվյալներով՝ հոկտեմբերի 6-ին «Кайсери» լցանավը Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգստից Կուլևիի նավթային տերմինալ է մատակարարել 105 հազար 340 մետրիկ տոննա Siberian Light հում նավթ։

Իր առաջին նավթավերամշակման գործարանով Վրաստանը ձգտում է նվազեցնել Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից և Ղազախստանից իր կախվածությունը վառելիքի ներմուծումից։

Նավթավերամշակման գործարանը սկսել է աշխատանքը այս ամիս՝ նախնական վերամշակման հզորությամբ, որը տարեկան կկազմի մոտ 1,2 միլիոն տոննա նավթ կամ օրական մոտ 24 հազար բարել, գրում է գործակալությունը