Մեծ Բրիտանիայի կառավարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորումը հեռացրել է արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, հաղորդում է Reuters-ը։
HTS-ը, որը նախկինում «Ալ-Քաիդա»-ին առնչվող կազմակերպություն էր, արգելվել է 2017 թվականին, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան այն որակել է որպես ահաբեկչական խմբավորում, հետևաբար՝ դրան աջակցելը կամ միանալը անօրինական է դարձնում։
Անցյալ դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ կարող է վերանայել արգելքը։ Թրամփի վարչակազմը հուլիսին չեղյալ հայտարարեց HTS-ի՝ Միացյալ Նահանգներում իբրև օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ճանաչումը։
Մեծ Բրիտանիան միացավ Ասադի տապալումը ողջունած մյուս երկրներին։
Խմբավորման այն ժամանակվա առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի նախագահ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ HTS-ը արգելված կազմակերպությունների ցանկից հանելը հնարավորություն կտա ավելի սերտորեն համագործակցել Սիրիայի նոր կառավարության հետ։ Նշվում է, որ այդ փաստը հնարավորություն կտա նաև համագործակցել Սիրիայի հետ՝ քիմիական զենքի ծրագիրը վերացնելու հարցում։
«Մեծ Բրիտանիան կշարունակի իրական առաջընթացի հասնել և պատասխանատվության կենթարկի Սիրիայի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում ու ավելի լայն տարածաշրջանում կայունությունը վերականգնելու իր գործողությունների համար»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։
Երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մոհամմադ Նիդալ աշ-Շաարը Լոնդոնում անցկացված համաժողովում Reuters-ին հայտնել էր, թե հուսով է, որ առաջիկա ամիսներին երկրի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները պաշտոնապես կվերացվեն։





























