Լիտվան համաձայնության է եկել ութ երկրների հետ՝ Լեհաստանում գործող ուսումնական կենտրոնում ուկրաինական բրիգադ նախապատրաստելու և զինելու վերաբերյալ, հաղորդում է LRT-ն։

Ինչպես չորեքշաբթի հաղորդել են Լիտվայի պաշտպանության նախարարությունից՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Սկանդինավյան և Բալթյան երկրների և Լեհաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Մասնակից երկրները աջակցություն կտրամադրեն, ներառյալ զենքի և սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զինվորական անձնակազմի մարզումը՝ ուկրաինական բրիգադը ՆԱՏՕ-ի ժամանակակից չափանիշներին համապատասխան նախապատրաստելու համար։

Այդ նախաձեռնության համար Լիտվան շարժական ուսումնական խումբ, ուսումնական զինամթերք և նռնակներ կտրամադրի։ Լիտվան միաժամանակ ուկրաինական բրիգադին մոտավորապես 12 միլիոն եվրո արժողության տեղական արտադրության հակաօդային և գիշերային տեսողության սարքեր կնվիրաբերի։

OP-LEGIO ուսումնական կենտրոնը բացվել է հոկտեմբերի 1-ին Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Նորվեգիան ղեկավարում է նախաձեռնությունը, որին միացել են Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Ֆինլանդիան և Շվեդիան։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լիտվան շարունակում է Ուկրաինային համապարփակ ռազմական աջակցություն տրամադրել. Իսլանդիայի հետ միասին այն գլխավորում է ականազերծման կոալիցիան, պարբերաբար ուկրաինական մարտական ​​ինժեներական ստորաբաժանումներին է մատակարարում ականազերծման սարքավորումներ և մասնակցում կոալիցիայի հինգ այլ գործողությունների՝ անօդաչու թռչող սարքերից մինչև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։

Մասնավորապես, Լիտվան 20 միլիոն եվրո է հատկացրել հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության համար և ակտիվորեն աշխատում է Լիտվայում ուկրաինական ընկերությունների հետ համատեղ արտադրություն հաստատելու ուղղությամբ։

Լիտվան միաժամանակ մասնակցում է արտակարգ օգնության նախաձեռնություններին. 30 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկին»  (PURL), 68 միլիոն եվրո՝ չեխական զինամթերքի նախաձեռնությանը, 5 միլիոն եվրո՝ ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության և օգնության ծրագրին, ևս 30 միլիոն եվրո նախատեսված է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար։