Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգների խնդրանքով ավագ հրամանատար և փոքր թվով զորքեր ուղարկել է Իսրայել՝ Գազայում փխրուն հրադադարի վերահսկման միջազգային ջանքերին աջակցելու համար, հաղորդում է Sky News-ը։

Պաշտպանության նախարար Ջոն Հիլին զորքերի տեղակայման մասին հայտարարել է ընդամենը մեկ շաբաթ անց, երբ նոր արտգործնախարար Իվետ Քուփերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան « զինվորներ ուղարկելու ծրագրեր չունի»։

Բրիտանացի սպան կծառայի որպես ԱՄՆ հրամանատարի տեղակալ, որին կհանձնարարվի ղեկավարել քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը. այն, ինչպես սպասվում է, կներառի նաև զորքեր Եգիպտոսից, Կատարից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

Ըստ Հիլիի՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը «երկարաժամկետ խաղաղության հնարավորություն» է ստեղծել:

Բրիտանացի սպային ուղեկցում է պլանավորման փորձ ունեցող բրիտանացի զինվորական անձնակազմի փոքր խումբ։ Միացյալ Նահանգները, իր հերթին, մինչև 200 զինվոր է ուղարկում Իսրայել։

Բրիտանական զորակազմը չի գործի նաև Գազայի հատվածի ներսում։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից տարածաշրջան մարդասիրական օգնության, ինչպես նաև լոգիստիկ և անվտանգության աջակցության մատակարարումը հեշտացնելու ծրագրերի մանրամասները հայտնի դարձան հոկտեմբերի 10-ին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի կնքումից հետո, որը Թրամփը միջնորդեց։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ նոր թիմը կօգնի վերահսկել հրադադարի համաձայնագիրը և Գազայում քաղաքացիական կառավարության անցումը։ Դա չի ներառում խաղաղությունն ապահովելու համար տարածքում տեղակայվելիք միջազգային կայունացման ուժերը։ Այդ ուժը Թրամփի 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի կարևոր մասն է կազմում։