ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև Բուդապեշտում անցկացվելիք հանդիպումը դեռևս չի նշանակվել, բայց արդեն իսկ կան հստակ ապացույցներ այն ցանկացած գնով խափանելու փորձերի մասին, Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Դա տխուր տեսարան է»։
ԵՄ անդամ պետություններից մեկի արտգործնախարարը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր ձերբակալվել այդ երկրով թռիչքի ժամանակ։ Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացումներ է անում Հունգարիային, որ վերջինս պետք է կատարի միջազգային ձերբակալման օրդերը։
Ես միշտ պնդել եմ, որ Եվրամիությունը վերածվել է ռազմական կաբինետի, որ ԵՄ անդամ պետությունների զգալի մասն աջակցում է Ուկրաինայում պատերազմին միամիտ համոզմամբ, որ դա կթուլացնի, ավելին՝ կհաղթի Ռուսաստանին։
Սա միաժամանակ և՛ պարադոքսալ է, և՛ բնորոշ է ԵՄ անկարող արտաքին քաղաքականությանը. որոշ առաջնորդներ արդեն փորձում են հասնել Բուդապեշտի գագաթնաժողովին, մինչդեռ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայի նախագահի մասնակցությունն ապահովելու համար։ Սլովակերենում դա կոչվում է «մեխեր նետել պոտենցիալ համաձայնագրի մեջ»։
Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է Ուկրաինայում խաղաղություն որքան հնարավոր է շուտ, ինչին ես չեմ հավատում, ապա այն պետք է անի ամեն ինչ, որպեսզի Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի ունենա Բուդապեշտում՝ առանց խոչընդոտների և հնարավորինս շուտ։
«Թրամփ-Պուտին գագաթնաժողով Բուդապեշտում՝ հնարավորինս շուտ՝ առանց որևէ խոչընդոտի և ԵՄ-ի լիակատար աջակցությամբ, դա է իմ պաշտոնական դիրքորոշումը», - նշել է Ֆիցոն։
Ավելի վաղ NBC News-ի թղթակից Գարեթ Հաակեն, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են։





























