Վերջերս պաշտոնանկ արված Թաիլանդի վարչապետ Փաեթոնտարն Շինավատը չորեքշաբթի օրը հրաժարական է տվել իր հոր՝ նախկին վարչապետ Թաքսինի կողմից հիմնադրված կուսակցության ղեկավարի պաշտոնից, հաղորդում է AFP-ն։
39-ամյա Փեթոնգտարնը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց էլ պակաս, նախքան օգոստոսին դատարանի կողմից պաշտոնից ազատվելը՝ Կամբոջայի հետ սահմանային վեճի կարգավորման հետ կապված էթիկայի խախտման համար։
Չինավատի կլանը երկու տասնամյակ շարունակ եղել է Թաիլանդի ռազմամետ և արքայամետ էլիտայի գլխավոր թշնամին, որը նրանց պոպուլիստական քաղաքականությունը դիտարկում է որպես ավանդական հասարակական կարգի սպառնալիք։ Սակայն Չինավատի դինաստիան բախվել է մի շարք իրավական և քաղաքական անհաջողությունների, այդ թվում՝ այս տարի 76-ամյա Թաքսինի բանտարկությանը՝ իր կառավարման ընթացքում իրականացրած կոռուպցիայի համար։
«Pheu Thai» կուսակցությունը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել Փաեթոնգտարնի հրաժարականի մասին՝ մեջբերելով նրա խոսքերը, թե այս քայլը թույլ կտա կուսակցությանը «լիովին վերակազմավորվել»։
«Իմ հրաժարականը թույլ կտա կուսակցությանը թարմացվել, որպեսզի վերջնականապես կարողանանք հաղթել ընտրություններում»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
Փաեթոնգտարնը հավելել է, որ կմնա կուսակցության անդամ և «կշարունակի ջանասիրաբար աշխատել հանուն մեր Թաիլանդի բարօրության»։
Թաքսինը, ով հիմնադրել է «Pheu Thai» կուսակցությունը 1990-ականների վերջին, տապալվել է 2006 թվականի պետական հեղաշրջման արդյունքում, իսկ այնուհետև ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է աքսորում։
Փաեթոնգտարնը Չինավատների ընտանիքի երրորդ անդամն էր, ով դարձել էր վարչապետ՝ իր հոր և մորաքույր Յինգլաք Չինավատից հետո։ Նա նաև ընտանիքի վերջին անդամն է, ով դեռ ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ։ Վերլուծաբաններն ասում են, որ նրա հեռանալը կուսակցության ղեկավարի պաշտոնից կարող է նշանակել ընտանիքի գերիշխանության ավարտը թայլանդական քաղաքականության մեջ, թեև ոմանք կարծում են, որ Չինավատները դեռ ազդեցություն ունեն կուսակցության վրա։




























