ԵՄ-ն շարունակում է ուժեղացնել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը։ Նոր պատժամիջոցների փաթեթը նպատակ ունի սահմանափակել էներգետիկ եկամուտները և պայքարել ստվերային նավատորմի դեմ, ասվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլի սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ վան Վիլի խոսքով՝ ԵՄ-ն որոշել է, թե ինչ է ներառվելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթում, որը ներառում է էներգետիկ եկամուտների լրացուցիչ սահմանափակումներ։
Նա նշել է, որ ԵՄ-ն կարագացնի ռուսական հեղուկ բնական գազի աստիճանական դուրսբերումը՝ ընդգծելով, որ եվրոպական երկրները «լիովին հանձնառու են այս բրածո վառելիքի ծորակը փակելուն»։
Դեյվիդ վան Վիլը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցներն այժմ տարածվում են ևս 117 ռուսական նավերի վրա, որոնք մաս են կազմում այսպես կոչված ստվերային նավատորմի։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներից խուսափելու և անօրինական կերպով էներգիա մատակարարելու համար օգտագործվող 564 նավ արդեն ենթարկվել է սահմանափակումների։
Նախարարը պարզաբանել է, որ միջոցառումների հաջորդ փաթեթի վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և ուղղված կլինեն Մոսկվայի վրա ճնշման հետագա մեծացմանը։
ԵՄ-ն մտադիր է շարունակել հետևողականորեն սահմանափակել Ռուսաստանի եկամտի աղբյուրները և նվազեցնել նրա էներգետիկ կախվածությունը։ Բրյուսելը նշում է, որ նոր պատժամիջոցների փաթեթը կլինի էներգետիկ ոլորտում ամենախիստներից մեկը՝ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։





























