Մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունում փող կա, հետևաբար արդեն փոքր և միջին բիզնեսի կարողություններից է նաև մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ է աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, անձի կարողությունների շարունակական զարգացումը և այլն։ Մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող քաղաքականություն են, հակառակ դեպքում այս զարգացումը որտեղի՞ց, տնտեսական աճը որտեղի՞ց։

Ամեն անգամ, երբ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ-որ արտաքին գործոնների հետ։ Այդ արտաքին գործոնները գալիս–գնում են, տնտեսական աճը մնում է, նշանակում է այնուամենայնիվ ինչ-որ ֆունդամենտալ գործոն կա, որ այդ տնտեսական աճի կայունությունը պահում է։ Մենք երջանիկ չենք մեր տնտեսական աճի կառուցվածքով, որովհետև մենք տեսնում ենք, որ հիմնականում մեր տնտեսական աճի կառուցվածքի մեջ սպառումը շարունակում է շատ մեծ և էական դեր ունենալ։ Սա էլ է  քաղաքականությունների հարց»,–ասաց նա։