Արևմտյան ափի մի մասի բռնակցման շուրջ Քնեսեթում տեղի ունեցած նախնական քվեարկության վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի քննադատությունից և Time հանդեսին նախօրեին տված հարցազրույցի հրապարակումից հետո, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տարածքի բռնակցման դեպքում Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի «ամեն տեսակի աջակցությունը», Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ քվեարկությունը «ընդդիմության կողմից դիտավորյալ քաղաքական սադրանք էր, որի նպատակն էր Վենսի Իսրայել այցի ընթացքում տարաձայնություններ սերմանել», գրում է Times of Israel-ը։
«Երկու օրինագծերն էլ աջակցել են Քնեսեթի ընդդիմադիր անդամները,- ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի անգլերեն հայտարարության մեջ։ -Լիկուդ կուսակցությունը և կրոնական կուսակցությունները (կոալիցիայի հիմնական անդամները) չեն քվեարկել այդ օրինագծերի օգտին, բացառությամբ Լիկուդի մեկ դժգոհ անդամի, որը վերջերս ազատվել է Քնեսեթի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Լիկուդի աջակցության բացակայության դեպքում այդ օրինագծերը, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի»։
Իրականում, կոալիցիայի անդամներ «Օցմա Եհուդիթ» և «Կրոնական սիոնիզմ» կուսակցություններն աջակցել են օրինագծին։
Օրինագիծը պահանջում է, որ Իսրայելը «կիրառի իր օրենքներն ու ինքնիշխանությունը Հրեաստանի և Սամարիայի բնակավայրերի նկատմամբ՝ այդ տարածքների կարգավիճակը որպես Իսրայելի ինքնիշխան պետության անբաժանելի մաս հաստատելու համար»։





























