ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TIME հանդեսին տված հարցազրույցում պատմել է իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբբասի հետ այս ամսվա սկզբին Գազայի հատվածում Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած զրույցի մասին։
«Նա ինքը բոլորովին ուրիշ մարդ է, քան հրապարակավ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ պաղեստինցիները «հարգում են Աբբասին որպես իմաստուն մարդու»։
Թրամփը նշել է որ Աբբասը գովաբանել է տարածաշրջանում իր գործողությունները՝ ասելով իրեն. «Այն, ինչ դուք արել եք, անհավանական է։ Ես չեմ կարող հավատալ, որ դուք դա արել եք, բայց շնորհավորում եմ ձեզ»։
Թեև Թրամփը գովաբանել է Աբբասին, այդուհանդերձ, նա նշել է, որ նա այն մարդը չէ, որն ունակ է ղեկավարելու Գազան պատերազմից հետո, հավելելով, որ պաղեստինցիները ներկայում գործող առաջնորդ չունեն։
«Ես միշտ լավ լեզու եմ գտել նրա հետ։ Նրան միշտ ողջամիտ մարդ եմ համարել, սակայն նա, ըստ ամենայնի, ներկա փուլում այն առաջնորդը չէ: [Պաղեստինցիները] այս պահին առաջնորդ, գոնե տեսանելի առաջնորդ չունեն, և նրանք իրականում չեն էլ ուզում, քանի որ այդ առաջնորդներից յուրաքանչյուրը սպանվել է։ Դա լավագույն աշխատանք չէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ Աբբասը «կցանկանար մասնակցել» պատերազմից հետո Գազայի կառավարմանը, բայց հավելել է, որ տարածքի ապագա ղեկավարության վերաբերյալ ցանկացած որոշում կընդունվի ավելի ուշ։
«Դեռ փոքր-ինչ վաղ է կարծիք հայտնելու համար, բայց ինչ-որ պահի ես կարծիքս կհայտնեմ։ Գիտեմ, որ նա կցանկանար [մասնակցել]», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը անդրադարձել նաև է բանտարկված պաղեստինցի գործիչ, ապագա նախագահի թեկնածու համարվող Մարվան Բարգուտիի գործին։ 2002 թվականից Իսրայելում բանտարկված Բարգուտին շատ պաղեստինցիների համար առ այսօր դիմադրության խորհրդանիշն է։ Հարցին՝ արդյո՞ք Իսրայելը պետք է ազատ արձակի Բարգուտիին, Թրամփը պատասխանել է. «Ես բառացիորեն բախվեցի այդ հարցին ձեր զանգից մոտ 15 րոպե առաջ... այնպես որ ես որոշում կընդունեմ»։





























