ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Կոլումբիան եւ Մեքսիկան լիովին հայտնվել են թմրավաճառների վերահսկողության տակ։
«Նրանք իրենց երկրներում ապրում են վախի մեջ։ Որովհետեւ կարտելներն են կառավարում այդ երկրները»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Լատինական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով ռազմական ուժի կիրառման ակտիվացումը։
«Եվ դա ներառում է նաեւ Կոլումբիան։ Կոլումբիան թմրավաճառության որջ է։ Այն թմրավաճառության որջ է, եւ այդպես է եղել երկար ժամանակ։ Այնտեղ հիմա շատ վատ առաջնորդ է։ Նրանք կոկաին են արտադրում այնպիսի մակարդակներով, որոնք մենք երբեք չենք տեսել»,- նշել է Թրամփը։ «Եվ դա շուտով նրանց վրա էժան չի նստի։ Մենք շուտով դա չենք հանդուրժելու»,- զգուշացրել է նա։ Նրա կարծիքով՝ «Մեքսիկան նույնպես կառավարվում է կարտելների կողմից»։ Թրամփը նաեւ վստահեցրել է, որ «հսկայական հարգանք» ունի Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի նկատմամբ։ «Նա քաջ կին է, բայց Մեքսիկան կառավարվում է կարտելների կողմից, եւ մենք պետք է պաշտպանվենք դրանից»,- ավելացրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։
Ինչպես օգոստոսին հաղորդել էր The New York Times թերթը, Թրամփը գաղտնի ստորագրել է լատինաամերիկյան թմրավաճառների դեմ ռազմական ուժ կիրառելու հրահանգ։ Դրանից հետո Կարիբյան ավազանում տեղակայվել են ԱՄՆ նշանակալի լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ։ Այնուհետեւ Վաշինգտոնը ավիահարվածներ է հասցրել այն նավակներին, որոնք, ըստ ԱՄՆ կառավարության, թմրանյութեր էին տեղափոխում Կարիբյան ավազանում եւ Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում։





























