Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումն իրավաչափ չէ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ավելին, այն իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից պատվեր իջեցնելու իրավապահ մարմիններին, որպեսզի հարուցվեն ու իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ։ Այս հիմնավորումներով ու մտահոգություններով ԱԺ պատգամավորների մեկ երրորդը դեռեւս 2024–ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ կասկածի տակ դնելով Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը։ ՍԴ-ն կասեցրել էր վարույթը, դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիքի համար։

Վերջերս ստացվել է կարծիքը, որով հաստատվել է, որ չի կարող հավաքների կազմակերպման անցկացման նյութական շահագրգռվածության վերաբերյալ առկա ձևակերպումը լինել իրավաչափ։ Այդ հոդվածը օգտագործվել է ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի հարուցվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ»,- ասաց նա։

ԱԺ պատգամավորը նկատեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմինները, անտեսելով մարդու հիմնարար իրավունքը, ազատությունները հավաքների անցկացման մասով, օրենքը կիրառել են սխալ կերպով և անազատության մեջ են պահել մարդկանց։

«Բազմաթիվ դեպքերում կալանքներ են եղել, ունենք նաև դատական ակտ՝ ըստ էության հակասահմանադրական, միջազգային իրավունքին հակասող այս դրույթը կիրառվել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ, իշխանությունների կողմից ասպատակումների են ենթարկվել ՀՅԴ Եղեգնաձորի, Վայքի, Արմավիրի,  Արարատի գրասենյակները, կուսակցականներ, ներառյալ ԳՄ անդամներ, ենթարկվել են անհամաչափ սահմանափակումների»,– ընդգծեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ այս հոդվածով քրեական հետապնդման են ենթարկվել բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, այդ թվում «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՀՅԴ անդամներ։

Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիքը՝ հաստատելով ՍԴ դիմած ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները։