Հնդկական Reliance Industries-ը, որը Հնդկաստանում ռուսական նավթի խոշորագույն գնորդն է, անցել է Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից նավթ գնելուն՝ «Լուկօյլի»-ի, «Ռոսնեֆտի» եւ դրանց դուստր ձեռնարկությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո, գրել է Bloomberg-ը: Սա վերաբերում է հում նավթի մի քանի տեսակների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի Khafji-ին, Իրաքի Basrah Medium-ին եւ Կատարի Al-Shaheen-ին, ինչպես նաեւ ամերիկյան West Texas Intermediate նավթի որոշ քանակությանը, պատմել են թեմային ծանոթ թրեյդերները: Աղբյուրները բացատրել են, որ այս մատակարարումները, ենթադրաբար, տեղի կունենան դեկտեմբերին կամ հունվարին:
Ընդհանուր առմամբ, հնդկական ընկերությունը հոկտեմբերին սփոթ շուկայում գնել է առնվազն 10 միլիոն բարել հում նավթ, որի մեծ մասը, ըստ զրուցակիցների, կազմել են մերձավորարեւելյան տեսակները: Reliance Industries-ի հում նավթի գնումների մեծ մասը կատարվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո: Զրուցակիցների տվյալներով՝ Հնդկաստանի այլ նավթավերամշակման գործարաններ նույնպես հետաքրքրված են սփոթ մատակարարումներով, մասնավորապես Մերձավոր Արեւելքից, ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից: Այս տարի Reliance Industries-ը դարձել է Հնդկաստանի ռուսական նավթի խոշորագույն ներմուծողը՝ գնելով հում նավթ «Ռոսնեֆտի» հետ երկարաժամկետ պայմանագրով:
Հոկտեմբերի 23-ին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» եւ «Լուկօյլի» դեմ պատժամիջոցների կիրառման մասին՝ Կրեմլի կողմից Ուկրաինայում հրադադարի համաձայնության չգալու պատճառով: ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պարզաբանել է, որ սահմանափակումները վերաբերում են երկու ընկերությունների դուստր ձեռնարկություններին, որոնք գտնվում են Ռուսաստանում: Ցանկում ներառված է 34 իրավաբանական անձ: Սահմանափակումները ներառում են ԱՄՆ-ում ակտիվների արգելափակում:
Դրանից հետո տեղեկացվել է, որ Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանները որոշել են կրճատել Ռուսաստանից իրենց նավթի գնումները՝ գրեթե զրոյի հավասարեցնելով: Սա հիմնականում վերաբերում է «Reliance Industries»-ին, ինչպես նաեւ «Indian Oil Corp»-ին, «Bharat Petroleum Corp»-ին, «Hindustan Petroleum Corp»-ին եւ «Mangalore Refinery»-ին:
Սեպտեմբերին Հնդկաստանը Ռուսաստանից գնել է օրական 1.6 միլիոն բարել՝ բավարարելով իր ներմուծման կարիքների 36 տոկոսը: Իրենց գագաթնակետին, 2025թ․ ապրիլից մինչեւ հունիս, մատակարարումները հասել են օրական մոտավորապես 2 միլիոն բարելի: Ռուսական նավթային ընկերությունների համար Հնդկաստանը դարձել է ծովային ճանապարհով արտահանվող հում նավթի ամենամեծ շուկան եւ Չինաստանից հետո երկրորդ խոշորագույն գնորդը, եթե հաշվի առնվեն բոլոր բեռնափոխադրումները, այդ թվում՝ խողովակաշարայինները։





























