Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքները՝ Անկարան, Բուրսան եւ Ստամբուլը, ջրի պակասի առջեւ են կանգնած, եւ իրավիճակի համար մեղադրել է ընդդիմադիր քաղաքապետարաններին։
Վերջին ընտրություններից հետո այս քաղաքների քաղաքապետարաններն անցան ընդդիմության վերահսկողության տակ։ Էրդողանը պնդել է, որ տեղի իշխանությունների անգործությունը սրել է իրավիճակը երաշտի պայմաններում։
«Երաշտը բնական երեւույթ է, բայց դրա կանխարգելման միջոցառումների բացակայությունը կառավարման ձախողում է։ Քաղաքապետարանը գովազդային վահանակների կամ սոցիալական ցանցերում լուսանկարվելու համար չէ»,- ինքնաթիռում լրագրողներին ասել է նա Պարսից ծոցում շրջագայությունից վերադառնալիս։
Էրդողանը նշել է, որ Ստամբուլն արդեն իսկ նմանատիպ խնդիրների է բախվել, երբ ինքն էր քաղաքապետի պաշտոնի համար պայքարում, եւ ընդգծել, որ իշխանությունները ներկայում միջոցներ են ձեռնարկում Պետական ջրային ռեսուրսների վարչության հետ համատեղ։
«Մենք մշակում ենք նախագծեր, գտնում լուծումներ եւ անընդհատ ձեռնարկում ենք համապատասխան քայլեր։ Ինչպես ասացիք, Անկարան, Բուրսան եւ Ստամբուլը ներկայում ջրի պակաս ունեն։ Բայց մենք, Աստծո օգնությամբ, մեր ժողովրդին առանց ջրի չենք թողնի»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։





























