Գերմանա-ռուսական առևտրային պալատի գնահատականներով՝ գերմանական ընկերությունները կկորցնեն ավելի քան 100 միլիարդ եվրո, եթե սառեցված ռուսական ակտիվները տեղափոխվեն Կիև։

Խոսքը գերմանական ընկերությունների՝ նախկինում Ռուսաստանում ներդրած միջոցների մասին է։

Թիվը հայտարարել է Մոսկվայում գործող այս կազմակերպության խորհրդի նախագահ Մաթիաս Շեպը, որը լոբբինգ է անում Ռուսաստանում գերմանական բիզնես շահերի համար, գրում է Deutsche Welle-ն։

Շեպի դիրքորոշման մասին հաղորդել է dpa գործակալությունը։ Շեպը կանխատեսում է, որ եթե Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները տեղափոխվեն Ուկրաինա, Մոսկվան նմանատիպ միջոց կձեռնարկի և կազգայնացնի եվրոպական, մասնավորապես գերմանական ակտիվները Ռուսաստանում։ «Գերմանիայի և նրա հարկատուների շահերից չի բխում, որ այդ միջոցները հայտնվեն Կրեմլի գանձարանում»,- պնդել է նա։

Շեպը հիշեցրել է, որ Մոսկվան գերմանական ընկերությունների ռուսական ակտիվները դրել է արտաքին կառավարման տակ և սառեցրել նրանց հաշիվները Ռուսաստանում։ Օրինակ՝ գերմանական Uniper-ը և Wintershall Dea-ն։ Շեպը բացատրել է, որ նույնիսկ եթե գերմանական ընկերությունները վաճառեին իրենց բիզնեսը Ռուսաստանում, նրանք պարտավոր էին ստացված գումարը փոխանցել սառեցված ռուսական հաշիվներին։ Այդ հաշիվներին մուտքը սահմանափակ է, բայց միջոցները պաշտոնապես դեռևս պատկանում են գերմանական ընկերություններին։