ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող են հանդիպել արդեն հաջորդ շաբաթ։ Դրա մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարար Չունգ Դոնգ-յոնը՝ նշելով, որ Թրամփի Սեուլ այցից հետո բանակցությունների «նշանակալի հնարավորություն» կա։

Ըստ նրա՝ Փհենյանը «ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ին» և գագաթնաժողովի հնարավորության մասին վկայող «շատ նշաններ» կան, հաղորդում է Bild-ը:

Վերջին անգամ Թրամփը և Կիմը հանդիպել են Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտում 2019 թվականի հունիսին. հանդիպումը կազմակերպվել էր ամերիկացի առաջնորդի թվիթից ընդամենը 30 ժամ անց։ Այս անգամ, վերլուծաբանների կարծիքով, նախաձեռնությունը կարող է կապված լինել Մոսկվայի աջակցությունից Փհենյանի հիասթափության հետ. հոկտեմբերին Կիմը անսպասելիորեն հայտարարեց, որ բաց է Վաշինգտոնի հետ «նոր բանակցությունների» համար, թեև ընդգծեց, որ «երբեք չի հրաժարվի միջուկային զենքից»։

Հաջորդ շաբաթ Հարավային Կորեայում կկազմակերպվի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական ֆորումի մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հույս ունի հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ մինչև այս տարվա վերջ։