Պենտագոնը ուրբաթ օրը հաստատել է, որ 130 միլիոն դոլարի անանուն նվիրատվություն է ընդունել՝ օգնելով փոխհատուցել զինծառայողների աշխատավարձերի և նպաստների վճարման ծախսերը շաթդաունի ընթացքում, հայտնում է NBC News-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նվիրատվությունն ընդունել է իր «նվերների ընդունման ընդհանուր մարմնի» շրջանակներում՝ հինգշաբթի օրը, ասվում է Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ Շոն Փարնելլի հայտարարության մեջ։

«Նվիրատվությունը կատարվել է այն պայմանով, որ այն կօգտագործվի զինծառայողների աշխատավարձերի և նպաստների վճարման ծախսերը փոխհատուցելու համար։ Մենք երախտապարտ ենք այդ դոնորին օգնության համար, այն բանից հետո, երբ դեմոկրատները որոշեցին չվճարել զինծառայողներին աշխատավարձերը», - ասել է Փարնելլը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվիրատվության մասին հայտարարել է հինգշաբթի օրը Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ՝ ասելով, որ մի «հայրենասերը» և «իմ ընկերը», ում անունը նա չի նշել, ասել է, որ կցանկանար իր ներդրումն ունենալ շաթդաունի հետևանքով առաջացած միջոցների պակասը լրացնելու գործում։

Մի օր նա զանգեց մեզ և ասաց. «Ես կցանկանայի իմ ներդրումն ունենալ ցանկացած դեֆիցիտի մեջ, որը դուք ունեք դեմոկրատների շաթդաունի պատճառով։ Ես կցանկանայի իմ անձնական ներդրումն ունենալ ցանկացած դեֆիցիտի մեջ, որը դուք ունեք զինվորականների հետ կապված հարցերում, քանի որ ես սիրում եմ զինվորականներին և սիրում եմ երկիրը»։ ... Եվ այսօր նա մեզ 130 միլիոն դոլարի չեկ ուղարկեց»,- ասել է Թրամփը։

Սենատոր Քրիս Քունսի մամուլի քարտուղարը, որը Սենատի պաշտպանական հատկացումների ենթակոմիտեի բարձրաստիճան անդամ է, հայտարարել է, որ նվիրատվության անանուն բնույթը հարցեր է բարձրացրել։

«Անանուն նվիրատվությունների օգտագործումը մեր զինված ուժերը ֆինանսավորելու համար մտահոգիչ հարցեր է բարձրացնում այն մասին, թե արդյոք մեր սեփական զորքերը վտանգի տակ չեն՝ բառացիորեն գնված և վճարված լինելով օտարերկրյա տերությունների կողմից»,- ասել է մամուլի քարտուղարը։

Սակայն 130 միլիոն դոլարի նվիրատվությունը դժվար թե նվազեցնի այն միլիարդավոր դոլարները, որոնք կառավարությունը ծախսում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ զինծառայողների աշխատավարձերն ու նպաստները վճարելու համար։ Զինծառայողների բազային դրամական ապահովումը մոտ 6,5 միլիարդ դոլար է յուրաքանչյուր ցիկլի համար, NBC News-ին հայտնել է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոդ Հարիսոնը։

Հինգշաբթի օրը Սենատը չի կարողացել աջակցել Հանրապետական կուսակցության օրինագծին՝ շաթդաունի պայմաններում ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներին և անհրաժեշտ համարվող այլ դաշնային ծառայողներին վճարումներ կատարելու վերաբերյալ։ Դեմոկրատներն առաջարկել են այլընտրանքային տարբերակը՝ վճարել աշխատավարձեր բոլոր այն դաշնային աշխատակիցներին, ովքեր տուժել էին շաթդաունից, սակայն այդ ծրագիրը ևս ձախողվել է։

Քանի դեռ շաթդաունը շարունակվում է և դրա ավարտը չի երևում, անհայտ է, թե որտեղից կգտնվեն մնացած 6,37 միլիարդ դոլարը, որն անհրաժեշտ է զինծառայողներին յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ աշխատավարձ վճարելու համար։

Նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հրամայել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին օգտագործել Պենտագոնի հաշվից հետազոտությունների և մշակումների համար նախատեսված 8 միլիարդ դոլարի ազատ միջոցները՝ հոկտեմբերի կեսերին զինծառայողներին վճարելու համար։