Դատախազության աշխատակիցները հարցաքննել են կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ հոկտեմբերի 4-ի «պետական հեղաշրջման փորձի» գործով։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր Facebook-ի էջում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Այսօր Պարցխալաձե-Ռոմանովի «դատախազության» նախաձեռնությամբ տեղի ունեցավ իմ «հարցաքննությունը»՝ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների գործով, իբր դատավորի մասնակցությամբ։ Այս գործով, որը զուտ քաղաքական բնույթ ունի, բազմաթիվ շատ արժանավոր մարդիկ են կալանավորվել և ահա հիմա էլ իմ մոտ են եկել», - գրել է Սաակաշվիլին։

Ըստ նրա՝ հարցերը վերաբերում էին «հեղաշրջման փորձի» հետ հնարավոր կապին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայից առաջ սոցցանցում կատարված հրապարակումներին, որոնք, ինչպես ընդգծում է քաղաքական գործիչը, «երբևէ բռնության կոչ չեն եղել»։ Դրան ի պատասխան՝ Սաակաշվիլին դատախազության աշխատակիցներին ասել է, որ «իրենք Վրաստանի թշնամիներն են»։ Երրորդ նախագահը հիշեցրել է, որ արդեն հինգ տարի է ինչ գտնվում է «գրեթե լիակատար մեկուսացման մեջ», «մշտական աուդիո և վիդեո դիտարկման» ներքո և առանց հեռախոսազանգերի իրավունքի։

«Նրանք ինձնից վախենում են ոչ թե այն պատճառով, որ ես ներառված եմ եղել ժողովրդական հավաքի մեջ, այլ այն պատճառով, որ եթե ես իսկապես ներառված լինեի, շատ ավելին կհասնեինք բացարձակապես խաղաղ ճանապարհով», - պնդում է նա։

Սաակաշվիլին չի բացառել, որ իրեն նոր մեղադրանքներ կառաջադրվեն՝ դա դիտարկելով որպես «Ռուսաստանի և նրա տեղական զինվորների վրեժ՝ հաջողված վրացական բարեփոխումների և Վրաստանն ու Ուկրաինան ռուսական ճանկերից փրկելու համար մղվող պայքարի դիմաց»։

«Եվ գիտե՞ք, որն էր գլխավոր հարցը, որն ինձ տվեցին և որի շուրջ էլ պտտվում էր հարցաքննությունը։ Բայց չկարծեք, թե հեգնում եմ։ Ի՞նչ էի նկատի ունեցել անցյալ տարվա գրառմանս մեջ, [երբ գրել էի], որ մարդիկ պետք է սելֆի անեն Իվանիշվիլիի շնաձկան հետ՝ հետին պլանում։ Համոզված եմ, որ այդ հարցը տվել է հենց Իվանիշվիլին», - գրել է Սաակաշվիլին։

Շնաձկներով հսկայական ակվարիումը զարդարում է Թբիլիսիում գտնվող իշխող «Վրացական երազանք» կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնը։ Անցյալում Իվանիշվիլին հաճախ էր կեցվածք ընդունում դրա ֆոնին՝ ամսագրային ֆոտոշարքերի համար, իսկ «Իվանիշվիլիի շնաձուկը» դարձել է մի տեսակ մեմ, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Դուք տեսնո՞ւմ եք, թե մենք որտեղ ենք։ Տեսեք, թե նա ինչքան է սիրում այդ շնաձկանը, որ, այսպես կոչված, ողջ դատախազությանը վերածել է շնաձկան պաշտպանության։ Եթե այսօրվանից հետո որևէ մեկը Վրաստանում կամ նրա սահմաններից դուրս ասի, որ ես քաղբանտարկյալ չեմ, ապա նա իսկապես արժանի է Իվանիշվիլիի շնաձկների հետ ավելի մոտիկից ծանոթանալուն։

«Այլ կերպ ասած, հիմա իմ դեմ նոր գործ կհարուցվի «Իվանիշվիլիի շնաձկանը հետապնդելու» համար։ Կար պիջակների գործ, հիմա էլ կլինի շնաձկների գործ։ Գործը, հավանաբար, կկոչվի «Իվանիշվիլիի շնաձուկը և դատախազությունը ընդդեմ Սաակաշվիլիի»։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ շնաձկանը գրավոր ներողություն կուղարկեմ», - ասվում է հրապարակման մեջ։

«Պետական հեղաշրջման փորձ» իշխանություններն անվանում են այն հանրահավաքը, որը ընդդիմությունն անցկացնում էր Թբիլիսիում՝ հոկտեմբերի 4-ին զուգահեռաբար բոյկոտվող տեղական ընտրություններին։ Ակցիան հայտարարված էր որպես «ժողովրդական հավաք», իսկ նպատակը համարվում էր «խաղաղ հեղափոխությունը»։ Այն ժամանակ կազմակերպիչների կոչով ցուցարարների մի մասը Ռուսթավելի պողոտայից շարժվել է Աթոնելի փողոց, որտեղ մոտ տասը մարդ փորձել է ներխուժել նախագահական նստավայր։ Ոստիկանությունը հետ է մղել բողոքողները։ Բախումները շարունակվել են ևս մի քանի ժամ։

Մինչ այժմ գործով ձերբակալվել է 62 մարդ, այդ թվում՝ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երկու առաջնորդ, որոնց մեղադրանք է առաջադրվել պետական իշխանությունը տապալելու կոչեր անելու համար։