Ձախ ուժերի անկախ թեկնածու Քեթրին Քոնոլին համոզիչ հաղթանակ է տարել Իռլանդիայի նախագահական ընտրություններում, հաղորդել է The Guardian-ը։

Նրա մրցակից Հիզեր Համֆրիսը շաբաթ օրը կեսօրին ընդունել է իր պարտությունն այն բանից հետո, երբ նախնական արդյունքները ցույց են տվել թեկնածուների միջեւ անհաղթահարելի տարբերությունը։

«Քեթրինը կլինի մեր նախագահը, եւ նա կլինի իմ նախագահը, եւ ես իսկապես կցանկանայի նրան մաղթել ամենայն բարիք»,- ասել է Համֆրիսը։

Ըստ հաշվարկային կենտրոնների ոչ պաշտոնական, բայց սովորաբար հուսալի ընտրատեղամասերի դիտորդների՝ Քոնոլին հավաքել է ձայների 64 տոկոսը՝ քվեաթերթիկների երկու երրորդի հաշվարկից հետո։

68-ամյա Քոնոլին գրավել է բազմաթիվ երիտասարդների ուշադրությունը, ձախ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն աջակցել է նրան ուրբաթ օրվա ընտրություններում։ Նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային պաշտոն է, բայց Քոնոլիի հաղթանակը նվաստացուցիչ նկատողություն է կենտրոնամետ կառավարության համար։ Հարցման համաձայն՝ կառավարույթան նախկին ղեկավար, 62-ամյա Համֆրիսը, որն առաջադրվել էր «Ֆայն Գել» կուսակցությունից, հավաքել է ձայների 29 տոկոսը։

54-ամյա Ջիմ Գեւինը՝ «Ֆիաննա Ֆայլ»-ի թեկնածուն, որն ուշ դուրս եկավ ընտրարշավից, բայց որի անունը մնաց քվեաթերթիկում, հավաքել է 7 տոկոս:

«Փչացած» ձայների թիվը մոտեցավ 13 տոկոսին, ինչը պատմականորեն ամենաբարձր ցուցանիշն է, որը, ենթադրաբար, արտացոլում է ընտրության սահմանափակության հետ կապված լայնածավալ դժգոհությունը:

Ընտրությանը մասնակցությունը գնահատվում է 3.6 միլիոն՝ ընտրողների մոտ 40 տոկոսը:

Քոնոլիի՝ նախագահ Մայքլ Դ. Հիգինսին հաջորդելու եւ Արաս ան Վախթարայնի նախագահական նստավայրում յոթ տարի պաշտոնավարելու հեռանկարը ոգեւորել է նրա կողմնակիցներին:

Նա խոսում է իռլանդերեն, պաշտպանում է հավասար իրավունքները եւ ցանկանում է պաշտպանել Իռլանդիայի չեզոքությունն այն բանից, ինչը նա անվանում է արեւմտյան «միլիտարիզմ»: Նա համեմատել է Գերմանիայի ռազմական ծախսերը նացիստական ​​դարաշրջանի հետ եւ մեղադրել Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին Գազայում ցեղասպանությանն աջակցելու մեջ: