ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ժամանել է Մալայզիա՝ ասիական շրջագայության առաջին փուլի շրջանակում, որը կներառի կարևոր առևտրային բանակցություններ չին գործընկեր Սի Ծինփինի հետ, հայտնում է AFP-ն։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները Մալայզիայի մայրաքաղաքում սկսվել են կիրակի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումից առաջ Հարավային Կորեայում, աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև թեժ առևտրային պատերազմին վերջ տալու նպատակով։
Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին հայտնել է, որ Սի Ծինփինի հետ «համապարփակ գործարքի» հույս ունի՝ հավելելով, որ ինքն ակնկալում է, որ Չինաստանը գործարք կկնքի՝ խուսափելու հետագա 100 տոկոսանոց մաքսատուրքերից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբերի 1-ին։
Վաշինգտոնից մեկնելիս Թրամփը չի բացառել, որ գտնվելով Կորեական թերակղզում՝ կարող է հանդիպել նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ 2019 թվականից ի վեր առաջին անգամ, հայտարարելով, որ ինքը «բաց է դրա համար»։
Սա նախագահի պաշտոնում Թրամփի առաջին այցն է Կուալա Լումպուր, որտեղ նրա ինքնաթիռին վայրէջքի ժամանակ ուղեկցել են Մալայզիայի երկու F-18 կործանիչներ։ Դիմավորվելով կարմիր ուղեգորգով և Մալայզիայի ու ԱՄՆ դրոշներով՝ ժպտացող Թրամփը պարել է ողջույնի պարը կատարողների հետ։
Բողոքողների մի փոքր խումբ, «Թրամփ, քեզ չեն սպասում», «Կրկին մեծ դարձրեք ողջամտությունը» պաստառներով, հավաքվել էին քաղաքի այլ հատվածներում։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը նաև ականատես կլինի Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, որի կնքմանը նա նպաստել է տասնամյակների ընթացքում հարևանների միջև ամենաարյունալի բախումներից հետո։
Ավելի վաղ Թրամփը հանդիպել է Քաթարի ղեկավարների հետ, որը Գազայում հրադադարի համաձայնագրի երաշխավորներից մեկն է, վերալիցքավորման կանգառի ժամանակ ակնկալվում է, որ կհանդիպի նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ։