ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ պատժամիջոցներ է պատրաստել, որոնք կարող է կիրառվել Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի հետաձգել Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, հայտնել են պաշտոնյաները Reuters-ին։

Հայտնի չէ, արդյո՞ք Վաշինգտոնը իսկապես կկիրառի այդ պատժամիջոցները, սակայն քննարկվող միջոցներից որոշները, ըստ հաղորդման, ներառում են հարված ռուսաստանյան բանկային ոլորտին և նավթի շուկա տեղափոխման համար օգտագործվող ենթակառուցվածքին, հայտնել են ամերիկացի պաշտոնյան և հարցին ծանոթ մեկ այլ անձ։

Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ առաջին անգամ՝ հունվարին պաշտոնին վերադառնալուց հետո։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում որևէ բանակցություն Պուտինի հետ, քանի դեռ պարզ չէ, որ ռուսաստանցի առաջնորդը լուրջ է տրամադրված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու հարցում։ «Ես պետք է իմանամ, որ մենք պատրաստվում ենք համաձայնության գալ։ Ես չեմ պատրաստվում զուր վատնել իմ ժամանակը, – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում՝ Ասիա մեկնելիս։ – Ես միշտ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց սա ինձ շատ է հիասթափեցրել»։

«Ես կարծում էի, որ դա պետք է տեղի ունենար Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելուց առաջ», – հավելել է նա։