Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչը Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Բելգրադը պատրաստ է իր տարածքում անցկացնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները։

«Սերբիան ևս այն երկրների թվում է, որոնք առաջարկում են իրենց բարի ծառայությունները՝ հաշվի առնելով մեր անցյալը, այն փաստը, որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի անհրաժեշտության կամ հետաքրքրվածության դեպքում փորձենք կազմակերպել ցանկացած բանակցություն… այն մասին, թե ինչպես կանխել այս սարսափելի ողբերգությունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների։ Դրան պետք է վերջ դրվի», – ասել է արտգործնախարարը։

Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։

«Սերբիան, սկզբունքորեն, աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի սահմանած սահմանների, ներառյալ Ուկրաինան», – հավելել է նա։

Ջուրիչը ընդգծել է, որ Սերբիան կարևորում է իր տեղը Եվրոպայում՝ Արևելքի և Արևմուտքի միջև, և նշել է երկրի սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

«Սերբիան հպարտանում է իր անկախ արտաքին և անվտանգության քաղաքականությամբ, որը խոր արմատներ ունի մեր երկրի պատմության մեջ և թույլ է տվել մեզ դարեր շարունակ պահպանել անկախությունը, չնայած մեր փոքրաթիվ լինելուն, – ասել է նա։ – Մենք բարձր ենք գնահատում մեր աճող ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, որի շուրջ Սերբիայում գոյություն ունի երկկուսակցական կոնսենսուս։ Բայց պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ նախագահ Թրամփը, անկասկած, մեր երկրում ամենահայտնի օտարերկրյա առաջնորդն է և ամենահայտնի առաջնորդը սերբերի շրջանում։ Կարծում եմ՝ համեմատած բոլոր մյուս եվրոպական երկրների հետ, նախագահ Թրամփի ժողովրդականությունը Սերբիայում աննախադեպ է։ Ավելի քան 71 տոկոս սերբեր ունեն շատ դրական կարծիք ԱՄՆ նախագահի և նրա քաղաքականության վերաբերյալ, ինչը իսկապես նպաստավոր հիմք է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»։

Նա անդրադարձել է նաև Չինաստանի հետ հարաբերություններին։

«Պետք է նշեմ նաև, որ մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և Չինաստանը նույնպես աջակցում է մեր դիրքորոշմանը Կոսովոյի հարցում՝ այն իմաստով, որ ճանաչում է Սերբիան և նրա սահմանները՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Այդպիսով, այն՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նույնպես կարևոր գործընկեր է մեզ համար», – ասել է Ջուրիչը։

Ըստ նրա, գերտերություններ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը «չի համապատասխանում փոքր բալկանյան երկրի հնարավորություններին», և սերբական կառավարությունը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել երկրի տնտեսական զարգացմանը։