Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է պետական եկամուտ դարձնել Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկու, նրա հարազատների, ինչպես նաև մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները՝ ընդհանուր 1,6 միլիարդ ռուբլու չափով, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Դատախազի միջնորդությամբ Սոչիի Խոստինսկի շրջանի դատարանը կալանք է դրել գույքի և հաշիվների վրա։ Ակտիվների ցանկում ընդգրկված են հինգ Mercedes մակնիշի ավտոմեքենա և բնակարան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, իսկ ընդհանուր առմամբ՝ 77 անշարժ գույքի օբյեկտ։ Պատասխանողների պաշտպանությունը պնդում է, որ ակտիվների ձեռքբերման օրինականությունը հաստատված է փաստաթղթերով։
ՌԴ առաջին փոխգլխավոր դատախազ Անատոլի Ռազինկինի հայցը Սոչիի շրջանային դատարան է ներկայացվել հոկտեմբերի 16-ին։ Բացի Ալեքսեյ Կոպայգորոդսկուց, գործով պատասխանողներ են նրա կինը՝ Յանինա Կոպայգորոդսկայան, մայրը՝ Գալինա Կոպայգորոդսկայան, իրավաբան Պոլինա Չեռնիշենկոն, «Мир детства» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը և չորս առևտրային ընկերություններ՝ «Алекс» ՍՊԸ-ն, «Бизнес Комфорт-Юг» ՍՊԸ-ն, «ТМ Отражение» ՍՊԸ-ն, «Хугге» ՍՊԸ-ն, ինչպես նաև ութ ֆիզիկական անձ, ներառյալ փաստաբան Եվգենի Դվորովենկոն։





























