ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմացրել է Բրազիլիայի նկատմամբ իր հռետորաբանությունը՝ վերջին ամիսների ընթացքում երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ երկրորդ հանդիպման ժամանակ՝ կանխատեսելով ԱՄՆ-ի հետ հնարավոր առևտրային գործարք և նշելով երկու երկրների «շատ լավ հարաբերությունները», հաղորդում է CNN-ը։

«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք Բրազիլիայի հետ։ Մենք շատ լավ ենք լեզու գտնում, – կիրակի ասել է Թրամփը Լուլայի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ – Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր նախագահի հանդեպ, ինչպես գիտեք, մեծ հարգանք ունենք Բրազիլիայի հանդեպ։ Այսպես որ՝ կտեսնենք։ Հնարավոր է՝ կնքենք որոշ գործարքներ։ Ես այդ հարցերը թողնում եմ այս տղաներին, բայց կարծում եմ՝ մենք պատրաստվում ենք մի քանի գործարք կնքել»։

Այս հանդիպումը նշանավորել է հարաբերությունների ջերմացում՝ ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև տարվա սկզբին տեղի ունեցած լուրջ ճգնաժամից հետո։

Օգոստոսի 1-ին Թրամփը Բրազիլիայի նկատմամբ սահմանել է 50 տոկոսանոց մաքսատուրքեր՝ նախապես սպառնալով նման քայլով, եթե Բրազիլիան չդադարեցնի դատական գործընթացը իր նախկին նախագահ, Թրամփի դաշնակից Ժաիր Բոլսոնարուի դեմ։

Հետագայում Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ և դատապարտվել է 27 տարվա ազատազրկման։

Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ «վատ է զգում» Բոլսոնարուի հետ տեղի ունեցածի համար, սակայն երբ լրագրողը հարցրել է, արդյոք նա այդ հարցը կքննարկի Լուլայի հետ, Թրամփը պատասխանել է. «Դա ձեր գործը չէ»։ Թրամփը և Լուլան ավելի վաղ կարճատև հանդիպում են ունեցել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։