ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր հայտարարությունը, թե 2025 թվականի հունվարին՝ իր երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից ի վեր, օգնել է դադարեցնել ութ հակամարտություն։ Այդ մասին նա ասել է ասիական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում դարձել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրողներից մեկը, հաղորդում է CNN-ը։
«Միջինը մենք ամեն ամիս լուծում ենք մեկ հակամարտություն։ Մնացել է միայն մեկը, թեև լսել եմ, որ Պակիստանն ու Աֆղանստանը սկսել են բանակցությունները։ Բայց ես կփորձեմ շատ արագ լուծել այդ հարցը», – ասել է նա։
Վերջերս Պակիստանի և Աֆղանստանի միջև տեղի են ունեցել սահմանային բախումներ, սակայն անցած շաբաթ Քաթարի և Թուրքիայի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հրադադարի վերականգնման շուրջ։
Թեև ԱՄՆ նախագահը, որը հավակնում էր Նոբելյան խաղաղության մրցանակի, անկասկած իր ներդրումն է ունեցել երկարամյա հակառակորդների միջև համաձայնությունների հասնելու գործում, սակայն CNN-ը նշում է, որ այն հակամարտությունների մասով, որոնց դադարեցման մասին նա պարծենում է, նրա դերը վիճարկվել է որոշ ներգրավված երկրների կողմից։
Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «վերջ է դրել յոթ պատերազմների, որոնք բոլորն էլ մոլեգնում էին՝ հանգեցնելով անհաշիվ հազարավոր զոհերի»։ Ըստ Թրամփի, դրանց թվում են Կամբոջան և Թաիլանդը, Կոսովոն և Սերբիան, Կոնգոն և Ռուանդան՝ «այն դաժան պատերազմը, որ եղել է», Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, Հայաստանը և Ադրբեջանը։
Այդ հայտարարությունից հետո նա օգնել է հասնել հրադադարի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայում՝ այդ թիվը հասցնելով ութի։ Սակայն նա առաջընթաց չի գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում, որը, ինչպես մի անգամ ասել էր, «կավարտի մեկ օրում»։





























