Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեմ է, որ Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործվեն սառեցված ռուսաստանյան ակտիվները, հաղորդում է SME-ն։

«Ես հրաժարվում եմ, որ Սլովակիան մասնակցի որևէ ֆինանսական սխեմայի, որը պետք է օգնի Ուկրաինային հաղթահարել պատերազմն ու ռազմական կարիքները», – հայտարարել է վարչապետը։

Նա նաև դեմ է արտահայտվել մոտ 140 միլիարդ եվրոյի չափով սառեցված ռուսաստանյան ակտիվների բռնագրավման գաղափարին։

«Մեզ հսկայական քանակության միջազգային դատական հայցեր կներկայացվեն», – նշել է Ֆիցոն՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլով բռնագրավել եվրոպական պետություններին պատկանող շենքերը կամ նավերը։

Ըստ Ֆիցոյի, Սլովակիան պատրաստ է աջակցել Ուկրաինային բժշկության և ականազերծման ոլորտներում, սակայն չի ֆինանսավորի նրա ռազմական կարիքները։

«Ուկրաինային մահաբեր զենքի անվճար փոխանցում չի լինի», – ընդգծել է վարչապետը։ Սակայն նա պարզաբանել է, որ Սլովակիան կշարունակի ռազմամթերքի վաճառքը։

Ֆիցոն նաև չի բացառել, որ այս հարցով կարող է խորհրդարանի արտահերթ նիստ գումարվել։