ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմի դադարեցման, այլ ոչ թե հրթիռային փորձարկումների վրա, հաղորդում է CNN-ը։
Այսպես է Թրամփը մեկնաբանել միջուկային էներգետիկ սարքավորումով հրթիռի փորձարկումների մասին հաղորդագրությունները։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նույնպես ունի ատոմային սուզանավեր, որոնք ինչպես ինքն է մեկնաբանել՝ գտնվում են Ռուսաստանից ոչ հեռու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարել է, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է իր «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը միջուկային էներգետիկ սարքավորումով և աշխատանքներ կտանի դրա տեղակայման ուղղությամբ։ Ռուս զինվորականները պնդում են, որ այն օդում է եղել շուրջ 15 ժամ և հաղթահարել է մոտ 14 հազար կիլոմետր։
«Նրանք գիտեն, որ մենք ունենք ատոմային սուզանավ, աշխարհում ամենահզորը, որը գտնվում է հենց իրենց ափերի մոտ», — հայտարարել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռի տախտակամածին՝ Ասիա կատարած իր այցի ընթացքում։
«Այսինքն, ես նկատի ունեմ, որ այն պարտադիր չէ, որ 8 հազար մղոն թռչի», — հավելել է նա։
«Եվ, ի դեպ, ես չեմ կարծում, որ Պուտինը պետք է այդպես խոսի, — շարունակել է Թրամփը։ — Նա պետք է վերջ դներ պատերազմին։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, արդեն չորրորդ տարին է, ինչ շարունակվում է, և նա հենց դրանով պետք է զբաղվի, այլ ոչ թե հրթիռներ փորձարկելով»։
Լրագրողների հարցին, թե արդյոք սպասվում են լրացուցիչ պատժամիջոցներ, Թրամփը պատասխանել է. «Դուք կիմանաք»։





























