Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները դժվարություններ են ունենում փոխադարձ հաղորդակցման և գործողությունների համակարգման հարցում։ Այս մասին ասվում է The Times թերթի տրամադրության տակ հայտնված զեկույցում։

Ըստ տեղեկությունների՝ փաստաթուղթը պատրաստվել էր դեռևս 2023 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետի նախկին խորհրդական Նիկ Թիմոթիի կողմից, սակայն երկու տարի է պահանջվել՝ դրանից քաղվածքներ հրապարակելու հնարավորություն ստանալու համար։ Ինչպես նշվում է զեկույցում, MI-5 հակահետախուզական, MI-6 արտաքին հետախուզական ծառայությունները և Կառավարական կապի կենտրոնը (Government Communications Headquarters, GCHQ), որը պատասխանատու է ռադիոէլեկտրոնային հետախուզության համար, ցուցաբերում են «ցածր մակարդակի համագործակցություն» և «ցրված» հաշվետվողականության համակարգ։

Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրներից մեկը, տարբեր հատուկ ծառայությունների միջև վեճերը հաճախ հանգեցնում են փակուղային իրավիճակների։ Նրա խոսքով, այն պայմաններում, երբ թագավորության ԱԳՆ-ն ներկայացնում է MI-6-ի, իսկ ՆԳՆ-ն՝ MI-5-ի դիրքորոշումը, «եթե միայն վարչապետը չթեքի կշեռքի նժարը, ապա իրավիճակը փակուղի կմտնի, դա լիակատար մղձավանջ է»։

Որպես օրինակ՝ The Times-ը բերում է Մեծ Բրիտանիայում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու շուրջ բանավեճը։ Ինչպես նշվում է հոդվածում, նման քայլին կողմ էր հակահետախուզական ծառայությունը, բայց դեմ էր արտաքին հետախուզական ծառայությունը՝ վախենալով բացասական դիվանագիտական հետևանքներից։ Ի վերջո, երկրորդ տեսակետը դեռ գերակշռում է։

Զեկույցում առաջարկվում է ստեղծել անվտանգության հարցերով նախարարի պաշտոն, որը համակարգող օղակ կդառնար նշված հատուկ ծառայությունների միջև։ Իսկ ազգային անվտանգության ապահովման գործառույթները խորհուրդ է տրվում Շոտլանդ Յարդի գերատեսչությունից փոխանցել Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությանը (National Crime Agency, NCA)։