Թուրքիան և Մեծ Բրիտանիան նախատեսում են համաձայնագիր ստորագրել Eurofighter կործանիչների վերաբերյալ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Անկարա կատարած այցից հետո, հաղորդում է NTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Սթարմերը Անկարա կայցելի հոկտեմբերի 27-ին։ Նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ Թուրքիային նոր սերնդի 40 Eurofighter ինքնաթիռ վաճառելու մասին, նշում է NTV-ն։
Թուրքիայի նախագահը նախկինում հայտարարել էր, որ իր երկիրը բանակցություններ է վարում Կատարից և Օմանից Eurofighters գնելու վերաբերյալ։
Վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն փորձում է լուծել իր ռազմաօդային ուժերի ավիապարկի արդիականացման հարցը։ Այդ նպատակով երկիրը մշակում է սեփական հինգերորդ սերնդի Kaan կործանիչը, որը նախատեսվում է շահագործման հանձնել մոտակա տարիներին։ Անցումային շրջանում երկրին անհրաժեշտ է համալրել ռազմաօդային ուժերը ժամանակակից ինքնաթիռներով։ Դրա համար Թուրքիան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել F-16 կործանիչների վերջին արդիականացված տարբերակների մատակարարման մասին, սակայն այդ գործարքի գործնական իրականացումը դեռ չի սկսվել։ Բացի այդ, Անկարան բանակցություններ է վարում Eurofighter կոնսորցիումի անդամ երկրների հետ՝ նոր կործանիչներ գնելու շուրջ։




























