Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրների, գրում է, որ տարեսկզբին Պետքարտուղարության վերլուծաբանները Կենտրոնական հետախուզական վարչության հետ տարաձայնություն են ունեցել Ուկրաինայում պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու Պուտինի պատրաստակամության հարցում։

Արտաքին քաղաքական գերատեսչությանն առընթեր Հետախուզության և հետազոտությունների բյուրոն (հայտնի է որպես INR) հանգել է եզրակացության, որ Պուտինը պատրաստ չէ նման բանակցությունների։ Ըստ BBC-ի՝ մինչդեռ ԿՀՎ-ում կարծում էին, որ Պուտինի հետ կարելի է լեզու գտնել։ Այդ հակասական եզրակացությունները նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցվել են օգոստոսին Պուտինի հետ Ալյասկայում անցկացվելիք գագաթնաժողովից առաջ ամենօրյա ճեպազրույցների ժամանակ, պարբերականին հայտնել են ներկա և նախկին պաշտոնյաները։

INR-ի վերլուծաբաններից ոմանք հետագայում ազատվել են աշխատանքից, սակայն աղբյուրները Wall Street Journal-ին հայտնել են, որ դա պայմանավորված է ոչ թե իրենց պաշտոնով, այլ Պետքարտուղարությունում և մյուս գերատեսչություններում տեղի ունեցող կրճատումներով։

Պետքարտուղարության խոսնակ Թոմաս Պիգոթը հայտարարել է, որ «INR-ը կարևոր աշխատանք է կատարում՝ հետախուզության քննադատական ​​վերլուծություն տրամադրելով»։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ «հետախուզական գործակալությունների դիրքորոշումների տարաձայնությունները ոչ միայն նորմալ են, այլև անհրաժեշտ» և օգնում են երկրի ղեկավարներին կշռադատված որոշումներ ընդունել: ԿՀՎ-ի խոսնակը, ինչպես նաև Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ։

ԱՄՆ հետախուզական համայնքի տարբեր բաղադրիչների միջև եզրակացությունների հակասություններն իսկապես հազվադեպ չեն: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ երբեմն որոշ կառույցններ, ներառյալ՝ ԿՀՎ-ն, նախագահին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին են փոխանցում առաջարկություններ, որոնք ավելի շատ համապատասխանում են նախագահի նախասիրություններին և, ավելի հավանական է, որ դրանք կընդունվեն: