Վերջին 2 ամիսներին Հայաստանում նկատվում է «ոսկայնացում»` մարդիկ նախընտրում են խնայողությունները պահել ոսկյա ակտիվներում, նախընտրելով դրանք դոլարից, եվրոյից կամ դրամից: Այդ մասին այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով` մինչ այդ նկատվում էր տնտեսության դրամայնացում, ինչը նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի հավասարակշռված քաղաքականության արդյունք էր: Սակայն միջազգային շուկայում վերջին զարգացումները հանգեցրել են դոլարի եւ եվրոյի նկատմամբ անվստահության խորացման, ինչն անուղղակիորեն կարող է անդրադառնալ Հայաստանի ֆինանսական շուկայի վրա:
Ըստ Տ. Ջրբաշյանի` իրենք նախանշել են մի քանի սցենարներ: «Այն գործընթացները, որ ներկայում տեղի են ունենում Եվրամիությունում, եւ ուղղակի, եւ անուղղակի ազդում են Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, հետեւաբար` նաեւ բանկային համակարգի վրա»,- ասաց Տ. Ջրբաշյանը, չբացառելով նաեւ բանկային համակարգի կողմից վարկավորման ծավալների կրճատման հավանականությունը: Մասնավորապես` Հայաստանի բանկային համակարգն այսօր արդեն որոշակի խնդիրների է բախվում Եվրոպայից ֆինանսական ռեսուրսների ներգրավման տեսանկյունից: Ըստ Տ. Ջրբաշյանի` անգամ ամենալավագույն սցենարով Եվրամիությունում տեղի կունենա տնտեսական աճի տեմպի նվազում, իսկ վատագույն սցենարով` Եվրոպայում կսկսի ռեցեսիայի հերթական շրջանը, իսկ դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:



























