Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը կարծում է, որ Եվրամիությունը պետք է «ռազմական Շենգենյան» գոտի ստեղծի, որը թույլ կտա զինամթերքի արագ մատակարարումներ կատարել մի երկրից մյուսին։

«Պաշտպանության պլանավորումը և ռազմական պլանավորումը ՆԱՏՕ-ի խնդիրներն են», - ասել է գերատեսչության ղեկավարը իսպանական El País թերթին տված հարցազրույցում։ «Մեզ անհրաժեշտ է «ռազմական Շենգեն», որը թույլ կտա մեզ արագ առաջ շարժվել, եթե անհրաժեշտ լինի ինչ-որ բան Իսպանիայից Էստոնիա հասցնել՝ առանց դրա համար որևէ փաստաթուղթ ձևակերպելու անհրաժեշտության», - նշել է նա։

«ԵՄ-ն կարող է նաև կոլեկտիվորեն որոշել, թե արդյոք պետք է օգնություն ցուցաբերել անդամ պետություններին համատեղ ֆինանսավորման և գնումների միջոցով, ինչպես արվել է օրինակ միգրացիոն ճգնաժամի ժամանակ», - հավելել է նախարարը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի կողմից Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր ստացումը դժվար թե փոխի հակամարտության ընթացքը։