Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Կիևին ինքնաթիռներ մատակարարելու վերաբերյալ զուգահեռ բանակցություններ է վարում Շվեդիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ։

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ՌՕՈւ-ի ընդհանուր պահանջարկն ապագայում 250 ժամանակակից ռազմական ինքնաթիռ է, այդ թվում՝ շվեդական Gripen-ներ, ամերիկյան F-16-ներ և ֆրանսիական Rafale-ներ։

«Հաշվի առնելով մեր օդաչուների փորձը և թշնամու հնարավորությունները՝ դա Ուկրաինայի համար օպտիմալ ընտրություն է», - Զելենսկու խոսքերը մեջբերում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Առաջնահերթությունը տրվում է շվեդական կործանիչներին՝ որպես արտադրության և սպասարկման առումով ամենաէժանը, ինչպես նաև դրանք ի վիճակի են կրելու Ուկրաինային անհրաժեշտ սպառազինության մեծ մասը, պարզաբանել է նա։

Զելենսկու խոսքով, Շվեդիայի հետ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն Կիևին Gripen E նորագույն մոդելի 150 օրինակ մատակարարելու, այլև Ուկրաինայում դրանց արտադրությունը տեղայնացնելու մասին։ Նախօրեին Financial Times-ը, հղում անելով կոնցեռնի ղեկավարությանը, գրել էր այն մասին, որ դրանց արտադրող Saab ընկերությունը ցանկանում է Ուկրաինայում գործարան բացել, որտեղ կիրականացվի ինքնաթիռների վերջնական հավաքումը և փորձարկումը, իսկ հետագայում, հնարավոր է, նաև մասնակի արտադրությունը։