ԱՄՆ-ի գործողությունները խաթարում են միջազգային անվտանգության համակարգի հիմքերը։ Այս մասին Մինսկում անցկացվող Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովում հայտարարել է Հյուսիային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին։

«Այսօր միջազգային անվտանգության հիմքերը արմատապես սասանվել են ԱՄՆ-ի և նրա արբանյակների կամայականության և կրկնակի ստանդարտների պատճառով», - ասել է նախարարը։ Ցոյ Սոն Հին նշել է, որ ԱՄՆ-ի որոշ գործողություններ, ներառյալ Կորեայի Հանրապետության հետ համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում են Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի սցենարները՝ ուղղված են Փհենյանի շահերի դեմ։ Նրա խոսքով, ոչ մի երկիր հանգիստ ձևով չի հանդուրժի արտաքին ճնշումը։

Ցոյ Սոն Հին ասել է, որ Եվրասիայի արևմտյան հատվածում ՆԱՏՕ-ն հակառուսական հիստերիա է բորբոքում, իսկ արևելքում ամրապնդվում է Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համագործակցությունը։ Միաժամանակ, նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում և զարգացնել բարեկամական հարաբերություններ այն պետությունների հետ, որոնք հանդես են գալիս արդարության պաշտպանությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտնել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Հարավկորեական լրատվամիջոցներն ու փորձագետները ենթադրում են, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միջկորեական սահմանին հոկտեմբերի վերջին, երբ Թրամփը կժամանի Հարավային Կորեա՝ ԱՏԷՍ-ի միջոցառումներին մասնակցելու համար։