Եթե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նշմարվող հակասություները խորանան, դա հնարավորություն կստեղծի, որ ընտրություններն անցնեն ազատ եւ թափանցիկ։ Այս մասին այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, դրա պատճառն այն չէ, որ այդ երկու ուժերը ազատ ընտրություններ են ուզում։ «ՀՀԿ-ն ուզում է հնարավորինս անաղմուկ կեղծել ընտրությունները։ Եթե կոալիցիայի գործընկերներից մեկը չի ցանկանում ենթարկվել, դա ստեղծում է լրջագույն նախադրյալներ, որ նվազեցվեն ՀՀԿ-ի կողմից իրականացվող կեղծիքները։

Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի ուժերի հետ, «Ժառանգության», ՀՅԴ-ի, ինչու ոչ՝ ԲՀԿ-ի հետ, ընտրակեղծիքների դեմ ճակատ կազմելու համար»,-ընդգծեց Լ. Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ ընտրակեղծիքները մեծ վնաս են բերում հայոց պետականությանը։ «Արտագաղթի մի մեծ մասը բացատրվում է ոչ թե տնտեսական շարժառիթներով, այլ ավելի շատ անարդարությամբ, որ տիրում է երկրում:

Այսօր համախմբում է ընթանում, եւ ավելի լավ ընթացք ինձ համար դժվար է պատկերացնել։ Այն ուժերը, որոնց դեմ պայքարում էինք, սկսել են գիտակցել արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։

Մենք անելու ենք ամեն ինչ, որ միասնական փորձենք բռնել ընտրագողերի ձեռքը»,-ամփոփեց ՀԱԿ ներկայացուցիչը: