Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովը կասկածներ է հայտնել նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված մի քանի գործադիր հրամանագրերի օրինականության վերաբերյալ: Կոնգրեսի անդամները խնդրում են Արդարադատության նախարարությանը նոր հետաքննություն անցկացնել, հաղորդում է The Washington Post-ը:
Նրա տվյալներով, կոմիտեն ավարտել է հնգամսյա հետաքննությունը և զեկույց է պատրաստել։ Հետաքննության առիթ էին հանդիսացել Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի և նրա դաշնակիցների կողմից Բայդենի վարչակազմի աշխատակիցների դեմ ներկայացված մեղադրանքները, - նրանք, իբր, չարաշահել են նրա վատթարացած առողջական վիճակը և ինքնագրիչ են օգտագործել՝ հրամանագրեր ստորագրելու համար, առանց նախկին նախագահի իմացության։
Զեկույցում նշվում է, որ կոնգրեսականները չեն կարողացել ապացույցներ գտնել այն մասին, որ Բայդենը հավանություն է տվել մի քանի հրամանագրերի ստորագրմանը, այդ թվում՝ դատապարտվածներին ներում շնորհելու հարցերի մասին։ Նրանք նաև նշում են, որ քանի դեռ Բայդենի նախկին վարչակազմի անդամները չեն ապացուցել, որ նա հավանություն է տվել այդ փաստաթղթերին, կոմիտեն «համարում է ինքնագրիչով թույլատրված այդ գործողությունները իրավաբանորեն անվավեր», իսկ հրամանագրերը՝ ոչ լեգիտիմ։
Կոմիտեն նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին, որում խնդրել է ստուգել Բայդենի յուրաքանչյուր հրամանագիր՝ համոզվելու համար, որ նախկին նախագահը թույլատրել է դրանց ստորագրումը։ «Կոմիտեն խնդրում է Ձեզ ուսումնասիրել Բայդենի վարչակազմի կողմից ընդունված բոլոր հրամանագրերը, որպեսզի պարզվի, արդյոք դրանք պատշաճ կերպով հավանության են արժանացել Միացյալ Նահանգների նախագահի կողմից, թե ոչ», - գրում է հանրապետական կուսակցությունից կոմիտեի նախագահ Ջեյմս Քոմերը Բոնդիին ուղղված նամակում։
Նաև գլխավոր դատախազին խնդրում են ուսումնասիրել Բայդենի բժիշկ Քևին Օ’Քոնորի նկատմամբ հնարավոր հետաքննություն անցկացնելու հնարավորությունը՝ կապված նախկին նախագահի առողջական իրական վիճակի մասին տեղեկատվությունը թաքցնելու վերաբերյալ։ Օ’Քոնորին կանչել էին կոմիտեի լսումներին, սակայն նա հրաժարվել էր պատասխանել կոնգրեսականների հարցերին՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը։ Քաղաքական գործիչները խնդրում են նրա նկատմամբ կիրառել «կարգապահական միջոցներ կամ զրկել լիցենզիայից»։
Հետաքննության շրջանակներում կոմիտեն լսել է Բայդենի վարչակազմի ավելի քան տասը նախկին աշխատակիցների ցուցմունքները։ Ինքը՝ Բայդենը, Թրամփի մեղադրանքներին անդրադարձել էր հուլիսին The New York Times թերթին տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է, որ ինքնագրիչ օգտագործել են նաև այլ նախագահներ, այդ թվում՝ ինքը՝ Թրամփը։





























