Ինչպես գրում է գործակալությունը՝ հղում անելով հնդկական նավթավերամշակող համալիրի անանուն թոփ-մենեջերներին, Հնդկաստանում կատարում են ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերություններից նավթ գնելու արգելքը, որոնք անցած շաբաթ հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ, սակայն չէին ցանկանա ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթի ներմուծումից։
Վերամշակողները ուսումնասիրում են, թե պատժամիջոցների տակ չհայտնված ռուսական մյուս մատակարարներից որքան նավթ կարող են ներմուծել և ինչ գնով, գրում է Bloomberg-ը։ Նրանք նաև փորձում են հասկանալ, թե «Ռոսնեֆտի» նավթի որ մասը կարող է մատակարարվել այլ ընկերությունների միջոցով։
Ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանվել ռուսական երկու այլ արտադրողների՝ «Սուրգուտնեֆտեգազի» և «Գազպրոմ նեֆտի» նկատմամբ։
Kpler-ի տվյալների համաձայն, այս չորս պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունները 2024 թվականին կազմել են Հնդկաստանի ռուսական նավթի ներմուծման ավելի քան 80%-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկրորդ նախագահության ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր նավթային ընկերությունների դեմ՝ փորձելով կրճատել պետբյուջեն լրացնելու և Ուկրաինայի դեմ պատերազմը նավթի արտահանումից ստացված եկամուտներով ֆինանսավորելու հնարավորությունները։ Դեռևս մինչև այդ պատժամիջոցների սահմանումը, Թրամփը փորձում էր սահմանափակել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը, այդ թվում՝ բարձրացնելով հնդկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։




























