Նախագահ Դոնալդ Թրամփն իր հայրենիքում կարող է ցույցերի բախվել, որոնք կոչ են անում, որ Միացյալ Նահանգներում այլևս «թագավորներ չլինեն», բայց Հարավային Կորեայում պաշտոնյաներն իր համար կատարյալ նվեր են գտել՝ ոսկե թագի ճշգրիտ կրկնօրինակը, գրում է AFP-ն:

Թրամփը չորեքշաբթի օրը տեղի ունեցած այցի շրջանակներում հանդիպել է իր հարավկորեացի գործընկեր Լի Ջե-մյունգի հետ։ Այցի ընթացքում, ինչպես սպասվում է, նա լարված առևտրային բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Հարավային Կորեայի պատմական մայրաքաղաք Կյոնջուում կայացած շքեղ ընդունելության արարողության ավարտին Թրամփին նվիրել են Սիլլայի թագավորների՝ մ.թ.ա. 57 թվականից մինչև 935 թվականը կառավարած դինաստիայի, թագավորական թագի կրկնօրինակը։

Թրամփի խոսքով, Հարավային Կորեայից ստացված նվերը Սիլլայի ժամանակաշրջանի «գոյություն ունեցող ամենամեծ և ամենաէքստրավագանտ ոսկե թագի» ճշգրիտ կրկնօրինակն է եղել։ Այն խորհրդանշում էր «աստվածային կապը երկնային և երկրային ղեկավարությունների միջև»։ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ թագը խորհրդանշում է «խաղաղություն, համակեցություն և համընդհանուր բարգավաճում թերակղզում՝ արժեքներ, որոնք արտացոլում են Սիլլա դինաստիայի կայունության երկարատև դարաշրջանը»։

Հարավային Կորեայում ամերիկացի առաջնորդին շնորհվել է նաև Մուգունհվայի մեծ շքանշանը՝ երկրի բարձրագույն պարգևը։ Մեդալի վրա պատկերված էր դափնու տերև, որը խորհրդանշում է բարգավաճում և այն հանձնվել է Թրամփին՝ «ի սպասումն այն խաղաղության և բարգավաճման, որը դուք կբերեք Կորեական թերակղզի»։ «Սա մեծ պատիվ է, - ասել է ԱՄՆ նախագահը։ - Ես կցանկանայի այն հենց հիմա կրել»։