Լեհական կործանիչները երեքշաբթի օրը Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում հետախուզական առաքելություն իրականացնող ռուսական ինքնաթիռ են որսացել՝ առանց թռիչքի պլանի և անջատված տրանսպոնդերով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լեհական բանակին։

«Լեհական կործանիչները որսացել են Իլ-20 ինքնաթիռը, որը հետախուզական առաքելություն էր իրականացնում միջազգային օդային տարածքում՝ առանց գրանցված թռիչքի պլանի և անջատված տրանսպոնդերով։ Օդանավը չի խախտել Լեհաստանի օդային տարածքը», - հայտնել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

Իր հերթին, Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Յացեկ Գորիշևսկին TVN24 հեռուստաալիքին հայտարարել է, որ միջադեպը ցույց է տվել, որ Լեհաստանը «զգոնություն է դրսևորել՝ մեր օդային տարածքի խախտումը կանխելու համար»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը, ով զբաղեցնում է ՆԱՏՕ-ի Եվրոպայում միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, Reuters գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, անցյալ ամիս կանգնեցրել է ՆԱՏՕ-ի կոշտ արձագանքով Լեհաստանի և Էստոնիայի օդային տարածք ներխուժումները, սակայն ակնկալվում է, որ Մոսկվան կշարունակի «սահմանների փորձարկումը»։

ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները սեպտեմբերից գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ օդային տարածք հնարավոր ներխուժումների պատճառով, երբ ռուսական երեք ռազմական ինքնաթիռները 12 րոպեով խախտել են Էստոնիայի օդային տարածքը, ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ավելի քան 20 անօդաչու թռչող սարք է ներխուժել Լեհաստանի օդային տարածք։