Ռումինիան և ՆԱՏՕ-ի դաշնակիցները տեղեկացվել են Եվրոպայի արևելյան թևում տեղակայված զորքերի թվաքանակը կրճատելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին, այդ թվում՝ այն զինվորների, որոնք պետք է տեղակայվեին Ռումինիայի Միխայիլ Կոգելնիչանու ավիաբազայում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին, որ նրանք պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն իրենց սեփական անվտանգության համար, քանի որ Միացյալ Նահանգներն ավելի շատ ուշադրություն է դարձնում իր սեփական սահմաններին և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։
«Ամերիկյան որոշումն է դադարեցնել բրիգադի ռոտացիան Եվրոպայում, որն ուներ ստորաբաժանումներ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներում», - հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխությունները, սակայն մոտ 1000 ԱՄՆ զինծառայողներ, այնուամենայնիվ, կշարունակեն տեղակայված մնալ Ռումինիայում։
«Այս որոշումը կայացվել է նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր ներկայությունն ու ակտիվությունը արևելյան թևում, ինչը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ճշգրտել իր ռազմական դիրքը տարածաշրջանում», - հայտարարել են նախարարությունից։ Ընդ որում, չի մանրամասնվել, թե որքան ամերիկյան զորք է դուրս բերվելու։





























