Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Իրանից մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար անօրինական օտարերկրացի է արտաքսվել։ Այս մասին հայտնել է Իրանի Ներքին գործերի նախարարության Օտարերկրյա քաղաքացիների և միգրանտների հարցերով կենտրոնի ղեկավար Նադեր Յար Ահմադին, հայտնում է yjc.ir-ը։
Նրա խոսքով՝ մեկնման գործընթացն իրականացվում է բնական և օրինական ճանապարհով և իշխանությունները մտադիր են մոտ ապագայում կազմակերպել մոտավորապես նույնքան մարդկանց տեղափոխում։ Խոսքը հիմնականում աֆղանական ծագում ունեցող քաղաքացիների մասին է։ Ինչպես հայտնել է պաշտոնյան, առաջին փուլում չեղյալ են հայտարարվում այդ մարդկանց գրանցման վկայականները, որպեսզի անօրինական անձինք լքեն երկիրը։
«Մենք մտադիր ենք իրականացնել երկրում մնացողներին ծառայություններ մատուցելու ծրագիրը։ Դրա արդյունքն այն է, որ բոլոր պետական մարմիններն ու ծառայությունները համախմբվեն՝ այդ անձանց ծառայությունների առավել լավ մատուցման մասին որոշումներ կայացնելու համար», - հայտնել է Յար Ահմադին՝ հավելելով, որ երկրի իշխանությունները ձգտում են հասնել նրան, որ երկրում օտարերկրացի միգրանտների մասնաբաժինը կազմի ընդհանուր բնակչության մոտ երեք տոկոսը։
Նախկինում Իրանում օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում էր վեց միլիոն մարդ, սակայն այժմ, անօրինական օտարերկրացիների մի մասի մեկնումից հետո, այդ թիվը նվազել է՝ հասնելով չորս ու կես միլիոնի։ Ներկայումս երկրում գրանցված է օտարերկրացի տղամարդկանց և կանանց միջև ութսուն հազար ամուսնություն, որոնք իրենց երեխաների հետ միասին կազմում են մոտ երկու հարյուր հիսուն հազար մարդ։
Օրինական օտարերկրացիները կարող են ստանալ իննամսյա աշխատանքային վիզա, որը թույլ է տալիս նրանց աշխատել սահմանափակ ժամանակահատվածում։ Այդ ժամկետի ավարտից հետո նրանք պետք է լքեն երկիրը երեք ամսով, իսկ հետո կրկին մուտք գործեն, որպեսզի պահպանվի իրենց կապը ծագման երկրի հետ։





























