Ուկրաինացի զինվորականները Շվեդիայից և Նորվեգիայից Combat Boat 90 ժամանակակից մոտորանավակներ են ստացել և այդ տեխնիկայի բազայի վրա արդեն դիվիզիոն է ձևավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերի Telegram-ին։

«Վերջերս Ուկրաինայի ռազմածովային ուժերը Շվեդիայից և Նորվեգիայից ստացել են Combat Boat 90 մոտորանավակներ։ Նման մոտորանավակներ արդեն առկա են մեր նավատորմի սպառազինության մեջ և այժմ դրանց թիվն ավելի է մեծացել՝ այս տեխնիկայի բազայի վրա  ամբողջական դիվիզիոն է ձևավորվել», - նշել են Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերից։

Նշվում է, որ Combat Boat 90 մոտորանավակներն աշխարհի լավագույններից են և օգտագործվում են բազմաթիվ երկրներում, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում։ Դրանք արագընթաց են, մանևրելու ունակ և հուսալի։ Մոտորանավակները նախատեսված են տարբեր խնդիրներ կատարելու համար՝ սկսած անձնակազմի դեսանտավորումից և ափի պաշտպանությունից մինչև պարեկություն և քաղաքացիական նավագնացության պաշտպանություն։

Մոտորանավակները հագեցած են ծովում ժամանակակից պատերազմի պահանջներին համապատասխան, իսկ անձնակազմերն անցել են ամբողջական մարզում՝ տեխնիկայի բոլոր հնարավորություններն արդյունավետորեն օգտագործելու համար։

Combat Boat 90-ը ռազմական արագընթաց և մանևրելու ունակ զրահապատ դեսանտային մոտորանավակ է, որը մշակվել է շվեդական Dockstavarvet ընկերության կողմից, որը մտնում է Saab-ի կազմի մեջ։ Մեկ մոտորանավակի արժեքը կազմում է 2,62 միլիոն դոլար։

Դրա փոքր քաշը, ոչ մեծ ջրաքաշը և երկու ջրային շարժիչները թույլ են տալիս զարգացնել մինչև 40 հանգույց (74 կմ/ժ) արագություն ծանծաղ ափամերձ ջրերում։ Մոտորանավակը տեղավորում է 21 լիովին հանդերձավորված զինվորի և մինչև 4,5 տոննա բեռ։

Բեկորներից պաշտպանված ղեկային խցիկն ունի երկու օպերատորի համար նախատեսված նստատեղ և նրանց առջև տեղակայված լրացուցիչ ծալովի պտտվող նստատեղ։