ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու դեպքում հավանաբար, հենց այսօրվա կառավարիչն (խոսքը Ռոմանոս Պետրոսյանի մասին է–խմբ) էլ կնշանակվի որպես կառավարիչ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝

«Ըստ շատ հավաստի հասած ինֆորմացիաների, այն սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտն ասում էր՝ ես երեք ամսից գնալու եմ։ Հիմա ըստ երևույթին, հարմարվել է հանուն Հայաստանի Հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից վեց-յոթ անգամ ավել ստանալուն ու ըստ ինձ, ինքն էլ նշանակվելու է։

Ես ներքին համոզմունք ունեմ, որ իրենք այս նիստով լիցենզիայից զրկելու են, որովհետև կա քաղաքական պատվեր և համոզված եմ, որ այդ որոշումը անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու, իրենց գրված տրվելու է, իրենք էլ խելոք դա անելու են։ Բայց դա իրենց չի փրկում այնքանով, որ իրենց ձեռքով է դա արվում։ Այսինքն, վաղը մյուս օրը այդ նույն խոսույթը չլինի, թե՝ գիտեք, մենք ինչ անեինք, դե ընտանիք ենք պահում, դե ստիպեցին և այլն»,– ընդգծեց նա։