«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Մեր քաղաքը» նախաձեռնությունը տարածել են հաղորդագրություն, որով ահազանգում են հանրային զբոսայգիներից մեկի ոչնչացման մասին:

«Վերջին օրերին Երեւանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սա մեր իրականությունում եզակի նախաձեռնություն էր, երբ քաղաքային իշխանությունները հանրային շահը վեր դասեցին մասնավորից… Սակայն 2 օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի եւ Բուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք` Մաշտոց-Կողբացի հատված: Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երեւանի կանաչ գոտիների եւ զբոսայգիների ոչնչացումը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ նշված այգին հանրային զբոսայգի է` հանգստյան գոտի: Այսօր` հունվարի 30-ին նշված տարածքում տեղի է ունեցել հասարակական կազմակերպությունների ակտիվիստների բողոքի ակցիա: