Եվրահանձնաժողովը անդամ պետությունների կառավարությունների և ՆԱՏՕ-ի հետ ծրագիր է մշակում՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում ռազմական տեխնիկայի տեղափոխման համար տրանսպորտը համատեղ օգտագործելու վերաբերյալ, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։
«ԵՀ-ն աշխատում է ազգային կառավարությունների և ՆԱՏՕ-ի հետ՝ բեռնատարների, երկաթուղային վագոնների և լաստանավերի համատեղ օգտագործումը համակարգելու համար, որոնք կարող են պատերազմի դեպքում տանկեր և ծանր հրետանի տեղափոխել մայրցամաքով մեկ»,- գրում է պարբերականը։
Ըստ պաշտոնյաների՝ առաջ քաշվող գաղափարներից մեկը կայանում է նրանում, որ ազգային կառավարություններին մուտք տրամադրվի դեպի «ռազմական շարժունակության» ընդհանուր ռեսուրսներ, որոնք թույլ կտան զինված ուժերը տեղափոխել ողջ դաշինքով մեկ։
Ինչպես նշվում է հոդվածում, Եվրահանձնաժողովը մտադիր է նոյեմբերին առաջարկներ ներկայացնել՝ դաշինքի տրանսպորտային ենթակառուցվածքները և մաքսային ընթացակարգերը բարելավելու վերաբերյալ, որպեսզի կրճատի այն օրերի քանակը, որոնք անհրաժեշտ են բանակին ԵՄ-ով անցնելու համար։
Պաշտոնյաների խոսքով՝ նախաձեռնությունը ենթադրում է, որ ԵՄ անդամները միմյանց կտրամադրեն տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոտորանավակները, ինքնաթիռները և բեռնատարները, ըստ անհրաժեշտության, մայրցամաքով մեկ ռազմական ուժերն ու միջոցները տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ, նրանք հավելել են, որ ծրագրերը դեռ կարող են փոփոխվել, քանի որ քննարկումները գտնվում են վաղ փուլում։
Ինչպես հայտարարել է պաշտոնյաներից մեկը, Եվրահանձնաժողովը կարող է պահանջել անդամ պետություններից գրանցել իրենց մոտ առկա օգնության տրանսպորտային միջոցները, որոնք կարող են օգտագործվել «զինված ուժերի մոբիլիզացիայի» համար։ Պաշտոնյաների խոսքով՝ ուսումնասիրվում է նաև Եվրամիության կողմից բեռնատար մեքենաների և երկաթուղային վագոնների սեփական պարկ ստեղծելու հնարավորությունը, սակայն դա ավելի բարդ կլինի՝ հաշվի առնելով ԵՄ սահմանափակ բյուջեն։



























