ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հաջորդ տարվա ապրիլին նախատեսում է այցելել Չինաստան, իսկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատասխան այցը տեղի կունենա ավելի ուշ։
«Դա ևս մեկ բան է, որի շուրջ մենք [Սի Ծինփինի հետ] համաձայնության եկանք։ Ես կմեկնեմ Չինաստան ապրիլին, իսկ նա կժամանի [ԱՄՆ] դրանից հետո՝ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ կամ Վաշինգտոն»,- ասել է նախագահը՝ չինացի առաջնորդի հետ հանդիպումից հետո իր ինքնաթիռում զրուցելով Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողների հետ։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Հարավային Կորեայի Պուսան քաղաքում Սի Ծինփինի հետ տեղի ունեցած բանակցությունները «շատ լավ հանդիպում էին երկու մեծ և հզոր երկրների համար»։ «Հենց այսպես էլ մենք պետք է մեկտեղվենք մեծ ու հզոր [պետության] հետ», - հավելել է նա։
Սի Ծինփինի և Թրամփի բանակցությունները տևել են 1 ժամ 40 րոպե։ Հանդիպման սկզբում Սի Ծինփինը կոչ է արել ապահովել երկկողմ հարաբերությունների առաջադիմական զարգացումը։ Նա նաև նշել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցողները հիմնական առևտրատնտեսական հակասությունների լուծման հարցում հասել են բազային կոնսենսուսի։




























