ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը, որը օրեր առաջ հեռացվել էր համալսարանից դասի ժամանակ որպես օրինակ բերված արտահայտության համար, պատրասվում է դատական կարգով բողոքարկել ռեկտորի հրամանն ու վերադառնալ աշխատանքի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սահակ Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։ Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։
Պատգամավորը NEWS.am–ի հետ զրույցում պնդել էր, թե իր միջամտությամբ չէ դասախոսը հեռացվել աշխատանքից՝ նշելով, թե ռեկտորի հետ զրույց չի ունեցել։
Երևանի պետական համալսարանից էլ հայտնել էին, թե Սահակ Մանուկյանը խախտել է էթիկայի կանոնները եւ ոչ մեկ անգամ։ Ըստ ԵՊՀ–ի պարզաբանման՝ ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։
Սահակ Մանուկյանը սակայն հերքում է համասարանի հայտարարությունները՝ նշելով, որ դասի շրջանակում իրական կյանքից բերված օրինակից բացի ոչ մի այլ արտահայտություն չի հնչել։ Դասախոսը պնդում է՝ աշխատանքից ազատվել է, որովհետև իր դասախոսության ժամանակ իր կողմից բերված օրինակը դուր չի եկել ՔՊ–ական պատգամավորին։
ՔՊ–ական ո՞ր պատգամավորի նախաձեռնությամբ է աշխատանքից ազատվել ԵՊՀ դասախոսը. մանրամասներ





























